Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Ե՞րբ է գալու Ղարաբաղի ճանաչման ժամանակը

Ե՞րբ է գալու Ղարաբաղի ճանաչման ժամանակը
27.11.2014 | 12:49

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում «Ժառանգություն» կուսակցությունը դարձյալ բարձրացրեց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը: Հիմնավորումը մոտավորապես այն է, որ Հայաստանն առանց Արցախի չպետք է մաս կազմի որևէ միության: Փաստարկն այնքան էլ համոզիչ չէ, որովհետև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը մեխանիկորեն չի հանգեցնելու ԵԱՏՄ-ին նրա մաս կազմելուն, հետևաբար՝ մաքսակետի հարցը դրանով չի լուծվում: Հայաստանն Արցախի անկախությունը կարող էր ճանաչել զինադադարի կնքումից անմիջապես հետո՝ 1994-ին, երբ միջազգային հանրությունը դեռևս բավարար չափով դեֆակտո ընդունում էր ԼՂՀ սուբյեկտայնությունը: Սակայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը գնաց այլ ճանապարհով՝ համարելով, որ առաջնահերթություն է կարգավորման գործընթացի միջոցով ԼՂՀ միջազգային ճանաչումը: Մոտեցումներից ո՞րն է ճիշտ՝ ցույց կտա միայն ժամանակը, որովհետև արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, զգայական, էմոցիոնալ որոշումները հաստատ չեն նպաստելու հաջողությանը: Մի բան կարող եմ արձանագրել, որ այսօր միջազգային համատեքստի տեսանկյունից՝ ԼՂՀ-ն շատ ավելի շահեկան, բարենպաստ վիճակում է, քան Ռուսաստանի կողմից միակողմանիորեն ճանաչված Հարավային Օսիան կամ Աբխազիան: Վրաստանին նախկինում մաս կազմած այս տարածաշրջաններն աշխարհն ընկալում է որպես Ռուսաստանի կողմից փաստացի «կլանված» տարածքներ, ինչը գրեթե զրոյական է դարձրել նրանց միջազգային ճանաչման հեռանկարը: Եթե այսօր Հայաստանը միակողմանիորեն ճանաչի ԼՂՀ-ն, ապա էապես բարդացնելու է նաև Արցախի շուրջ ստեղծված վիճակը, որովհետև դա փաստացի նշանակում է հրաժարում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության առաքելությունից՝ պատերազմի վերսկսման կամ Հայաստանի ու նաև Արցախի միջազգային մեկուսացման հեռանկարով: Հայաստանը նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող, իսկ Արցախի անկախությունը միակողմանիորեն կարող է ճանաչել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանն ինքը բացահայտորեն հրաժարվի կարգավորման գործընթացից՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով: Եթե ֆորսմաժորային որևէ իրավիճակ չլինի, կարգավորման ցանկացած տարբերակ, ի վերջո, հանգեցնելու է Արցախի անկախության ճանաչմանը՝ անմիջապես կամ որոշակի ընթացակարգի արդյունքում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ